Հունվարի 1-ը Հայաստանում բնակվող մի խումբ մարդկանց համար ամենեւին էլ նոր տարվա սկիզբ չէ։ Խոսքս Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասին է, ովքեր Ամանորը նշում են ոչ դեկտեմբերի 31-ի գիշերը։
Հայաստանում եւ ողջ աշխարհում բնակվող ասորիների համար Նոր տարին (ասորորեն՝Ռեյշը Շեյթը) սկսվում է մարտ ամսվա կեսին եւ խորհրդանշում է գարնան զարթոնքը։ Հնում ասորիները Ռեյշը Շեյթը նշել են 12-14 օր, որի ժամանակ դուրս են եկել փողոցներ, կերել, խմել, պարել եւ ուրախացել։ Տոնակատարության ընթացքում ոչ մի օրենք չի գործել, ոչ մեկին չեն պատժել, իսկ տոնի վերջին օրը թագավորը մի օրով լքել է քաղաքը, իսկ նրա փոխարեն գահին նստել է ծաղրածուն եւ կառավարել երկիրը։ Ասորիները ծաղրածուի «գահակալության շրջանն» անվանել են հիմարի օր։ Այն համընկել է ապրիլի 1-ի հետ, որտեղից էլ հետագայում առաջացել է ծիծաղի օրը։ Ամանորին միմյանցից նեղացած ասորիներն անպայմանորեն հաշտվել են։