Օձունի տաճար

12 Օձունի տաճար Emma YSU.jpg

Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, պարուրված այգիների կանաչով, բազմել է Օձուն գյուղը՝ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ծննդավայրը։

Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով՝ ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերող հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում շրջակայքի վրա։

Օձունի տաճար

Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։

Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է[3]։դսդոս

Օձունի տաճար

Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում։ Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է (20,71×31,62 մ արտաքին չափերով)՝ կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով։ Աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է՝ երկշար մույթերով բաժանված երեք նավերի։ Արտաքին սրահը երեք կողմերից (հյուսիսային, արևմտյան և արևելյան) եզերում է աղոթասրահը։

Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընդհանուր ծավալը։ Աղոթասրահը և արտաքին կամարաշար սրահը համաժամանակյա կառույցներ են։ Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։ Աչքի է ընկնում 67-րդ դդ. Վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ։

Եկեղեցին բազմիցս նորոգվել է, ինչի մասին հիշատակություններ են պահպանվել եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա (801 թ., 1888 թ.)։ 19-րդ դ. վերջերին թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրները իրենց նյութական միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություններ կան եկեղեցու հյուսիսարևելյան գմբեթակիր մույթի արևմտյան կողմում ամրացված սալի և իրենց մոր՝ Եղիսաբեթի տապանաքարի վրա։

Leave a comment