100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:
Պես, հետ, առանց, վրա, համար:
101. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:
Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:
102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:
103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:
104. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ձայնարկություններին ու վերաբերական բառերին և պատասխանի՛ր տրված հարցերին:
Ի՞նչ են ցույց տալիս՝
ա) ձայնարկություններն ու վերաբերական բառերը,
բ) ձայնարկությունները,
գ) վերաբերական բառերը:
Ա. Երազները հավանաբար կապվում են մարդու արթուն ժամանակվա հոգեկան վիճակի հետ: Ծարավ մարդը երազում հաստատ ջուր կտեսնի: Իբր թե հասարակ թխկոցն էլ քնած մարդուն կարող է թնդանոթի որոտ թվալ ու համապատասխան երազ առաջացնել: Երազներն իրոք որ հետաքրքիր երևույթ են:
Բ. Պա՜հ, քնած ժամանակ գիտակցությունը դադարում է գործելուց: Վա՜յ, քնած մարդուն տաք թեյ կտա՞ն: Ի՜հ, ես ասացի մի կարգին երա՜զ ես տեսել: Ո՜ւխ, ի՜նչ հետաքրքիր երազ եմ տեսել:
105. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված կապերին ու շաղկապներին և պատասխանի՛ր, թե ո՛րն է կապերի և շաղկապների՝ որպես կապող բառերի տարբերությունը:
1552 թվականի սեպտեմբերյան մի օր իսպանական Սան-Լուկար նավահանգստի մոտ մի նավ երևաց: Մաշված նավիրանն ու կարկատված առագաստները հուշում էին նավի անցած շատ երկար ճանապարհի մասին: Նավը մոտեցավ ափին, կամրջակը գցեցին, և նավից մի մարդ վազեց դեպի ափը: Նա շտապում էր, որ համբուրի հողը: Զարմացած համաքաղաքացիների դիմաց կանգնած էր Սեբաստյան դել Կանոն, որ արշավախմբի հետ վերադառնում էր շուրջերկրյա ճանապարհորդությունից: Երեք տարի առաջ այդ նավահանգստից հինգ նավ էր դուրս եկել՝ 265 մարդուց բաղկացած անձնակազմով, բայց միայն տասնութ մարդ վերադարձավ: Չվերադարձավ նաև արշավախմբի ղեկավար՝ Ֆերնան Մագելանը, չնայած որ ճանապարհի ամենադժվարին մասով նա էր անցկացրել արշավախումբը:
106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
107. Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝
ա) որևէ հարցի պատասխանող բառեր,
բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում:
Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին:
108. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:
Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով: