Նկարիչը – Լեոնարդո Դա Վինչի
Նկարը նկարվել է – 15-րդ դարում
Նկարի իմաստը – Հիսուսի վերջին ընթրիքը իրա հետևողների հետ
Նկարի անունը – Վերջին ընթրիքը
Ավելի երկար բացատրություն.՝
Ամբողջ 1496 թվականն անցավ կոմպոզիցիայի որոնումներով։ Հարկավոր էր չափել պատը և մտքով նրա վրա տեսնել ամբողջ կոմպոզիցիան։ Լեոնարդոն սկզբում որոշեց տալ շարժումով լեցուն մի տեսարան։ Ցանկանում էր Հուդային միայնակ հակառակ կանգնեցնել սեղանին, մյուս առաքյալներին և Քրիստոսին։ Հետո ցանկանում էր լուսապսակներ դնել բոլոր առաքյալների գլխներին, բացի Հուդայից։ Բայց վերջում հակվեց դեպի ավելի հանգիստ տարբերակը։ Լեոնարդոյի նախորդների համար «Խորհրդավոր ընթրիքը» բազմիցս խոշոր, մոնումենտալ որմնանկարների սյուժե է ծառայել։ Այդ թեմայով նկարել են Ջոտտոն, Կաստանյոն, Գիրլանդայոն։ Լեոնարդոն, անկասկած, ծանոթ էր նրանց նկարներին։ Բայց ոչ նրանք, ոչ էլ ընդհանրապես իտալական նկարիչների որևէ գործ նրան էական նշանակություն ունեցող հենակետ չտվեց։ Նրա նկարն ամբողջովին նոր էր և ամբողջովին իրեն էր պատկանում։ Նրա ստեղծագործության մեջ դա գագաթ էր, իսկ իտալական նկարչության զարգացման մեջ՝ ամենակարևորահույն փուլերից մեկը։ Իզու չէ, որ «Խորհրդավոր ընթրիքից» հետո Լեոնարդոյի փառքը, որպես նկարչի, թնդում էր ամբողջ Իտալիայում։ Այն բոլորը, ինչ խաղաղ միայնության մեջ խորհել էր Լեոնարդոն, իր արտացոլումը գտավ այդ նկարում։ Այն բոլորը, ինչ նախկինում նկարել էր, դրա մեջ գտավ իր ավարտվածությունը։ Խնդիրները, որոնք ինքնամոռաց աշխատանքի ընթացքում նա դրել էր իր առջև, շատ բազմազան էին։ Նա նոր կոմպոզիցիոն բանաձևեր էր որոնում, աշխատում էր կոլորիստական խնդիրների ու նրբագույն լուսաստվերի, խաղի լուծման վրա, ձգտում էր տալ այնպիսի կերպարներ, շարժումներ ու դեմքեր, որոնք բացահայտեցին մարդու ներաշխարհը։ Թեման բավականին ավանդական էր սեղանատան համար, չնայած Լեոնարդոյի նկարելու ժամանակ այն դեռևս սեղանատուն չէր։ Լեոնարդոյի նկարում պատկերված է այն պահը, երբ Հիսուս Քրիստոսն առաքյալների հետ ընթրիքի ժամանակ ասում է, որ նրանցից մեկը իրեն կմատնի։ Ուսուցչի խոսքերը վիթխարի տպավորություն են գործում, և 12 առաքյալներից ամեն մեկն ըստ իր բնավորության է արձագանքում, տարբեր աստիճանների բարկությամբ ու զարմանքով։ Առաքյալների դեմքերը հստակորեն որոշվել են, երբ XIX դարում գտնվել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրը։ Ֆիգուրները դինամիկ են, լի շարժումով, բայց այդ շարժումը զուսպ է, ավելի ներքին է, քան արտաքին։ Դիտողը դա զգում է առաջին իսկ հայացքից, բայց երբ խորանում է իր տպավորության մեջ, զարմանքով նկատում է, որ նկարիչը այդ էֆեկտին բացառիկ ժլատ միջոցներով է հասել։ Տեսարանում չկա իրարանցում, չկա ոչ մի չափազանցված կեցվածք, չկան ճչալու պատրաստ բաց բերաններ, չռված աչքեր, վեր բարձրացած ձեռքեր։ Բայց շարժումը շատ-շատ է։ Այդ տպավորությանը Լեոնարդոն հասել է նկարի կոմպոզիցիայով։ Խորը սենյակը լուսավորված է առջևից, դիտողի կողմից։ Երկար ու նեղ սեղան՝ վրան ամանեղեն։ Սեղանը ծածկված է նախշազարդ սփռոցով, երևում է, որ առաջին անգամ է օգտագործվում՝ նկատելի են բոլոր ծալքերը։ Սեղանի մոտ նստած են 13 մարդ՝ երկուսը ծայրերին՝ կիսադեմով, մնացածները դեմքով դեպի դիտողը։ Մեջտեղում՝ մնացածներից անջատ, պատուհանից թափանցող լույսի ֆոնին Քրիստոսն է։ Երկու կողմերն առաքյալներն են։ Քրիստոսը հենց նոր արտասանել է դավաճանության մասին խոսքերը։ Դեմքին մեղմ, հեզ թախիծ կա։ Աչքերը խոնարհված են։ Աջ ձեռքը դեռ թրթռում է զսպված շարժումից, ձախը՝ մի տեսակ անուժ, ափը վեր, ընկած է սեղանին։ Աշակերտները լսածից ընկճված են։