Բոկաչչո Ջովաննի
Իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոն Վերածննդի դարաշրջանի հումանիստական գրականության առաջին ներկայացուցիչներից է, ռեալիստական արձակի և նովելի հիմնադիրը եվրոպական գրականության մեջ: Նրա «Դեկամերոն» նովելների ժողովածուն եվրոպական ռեալիստական արձակի առաջին ստեղծագործությունն է:
Ջովաննի Բոկկաչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում: Իրավունք է ուսումնասիրել Նեապոլում: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել է նեապոլյան ազնվականական մշակույթը:
Լատիներեն գրել է գիտական աշխատություններ. մոտ 20 տարի աշխատել է «Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա: Գրել է նաև «Նշանավոր կանանց մասին», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը:
Բոկաչչոյի գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը գեղարվեստական գործերն են: Նա ստեղծագործական ուղին սկսել է ասպետական գրականությամբ, որը նրան հրապուրել էր ազնվական, անտիկ գրականության ու դիցաբանական թեմաներով և հումանիզմով: