Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը: